ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Եվրոպա գնացող բոլոր ճանապարհները տանում են… Մոսկվա

Եվրոպա գնացող բոլոր ճանապարհները տանում են… Մոսկվա
26.01.2015 | 12:23

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր՝ եվրոպական ինտեգրացիան, քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելը եղել են Հայաստանի իրար հաջորդող երեք իշխանությունների առաջնահերթությունները: Այդպես է իրականում, թե՝ ոչ, սա հարցի երկրորդ կողմն է, համենայն դեպս, այդպես հայտարարվում է պաշտոնապես: 1991-96-ին թվում էր, թե դա իրական ձգտում է, որի մասին վկայում էին քաղաքական ու տնտեսական կառուցվածքային բարեփոխումները, որոնք, թեև իրենց կիսատությանը, իրականացվում էին պատերազմին զուգընթաց: 1995-96-ի համապետական ընտրություններն ու դրանց արդյունքում իշխանության ուժային թևի դիրքերի ամրապնդումը եղան առաջին ահազանգը, որ մեր երկիրը շեղվել է զարգացման եվրոպական ուղուց: Իշխանության ճգնաժամը ի վերջո հանգեցրեց 1998-ի պալատական հեղաշրջմանը, որը թեև իրականացվեց լեգալ ճանապարհով, բայց դարձավ խորհրդանշական այն գիծը, որը նշանավորեց Հայաստանի փաստացի հրաժարումը զարգացման եվրոպական մոդելից: Գուցե ճակատագրի հեգնանք է, բայց հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ: Այդ պատմական իրադարձությունը տեղի ունեցավ ուղիղ 14 տարի առաջ՝ 2001-ի հունվարի 25-ին: Ֆորմալիզացվեց Հայաստանի այն ձգտումը, որը իշխանությունների կողմից հռչակված էր քաղաքականության առաջնահերթություն: Եվրոպայի խորհուրդը բավականին խայտաբղետ կազմակերպություն է, որի շարքերում միավորված 47 պետություններն ունեն ժողովրդավարության ու տնտեսական զարգացման միանգամայն տարբեր մակարդակ: ԵԽ անդամ այն երկրները, որոնք նաև Եվրամիության անդամներ են, քաղաքական ու տնտեսական ինտեգրացիայի ավելի արդյունավետ ու գործուն մեխանիզմներ ունեն ու, մեղմ ասած, առանձնապես չեն կարևորում ԵԽ դերը: Այս կազմակերպությունը, որը նպատակ է հռչակել մարդու իրավունքների հիմնական սկզբունքների կատարելագործումը, չունի գործուն մեխանիզմներ՝ անդամ երկրների քաղաքականության վրա ազդելու համար: Պատահական չէ, որ ԵԽ անդամ դարձած Հայաստանը, ժողովրդավարական ինստիտուտները կատարելագործելու փոխարեն, հաստատուն կերպով շարժվեց ավտորիտարիզմի ուղղությամբ: Բավական է նշել, որ անդամակցությունից հետո անցկացված որևէ ընտրություն լիարժեքորեն ժողովրդավարական չի համարվել միջազգային հանրության կողմից, դրանց պաշտոնական արդյունքները վիճահարույց են եղել հասարակության համար: Եթե 2003-ի նախագահական ընտրություններից հետո մեծ դժվարությամբ հաջողվեց խուսափել բախումներից, ապա հինգ տարի անց հետընտրական զարգացումներն ավարտվեցին արյունահեղությամբ: Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը փորձեց կարգավորել հարաբերությունները եվրոպական կառույցների հետ, ավելին՝ 2013-ին Հայաստանը շատ մոտ էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, որն արդեն առարկայացնելու էր մեր երկրի եվրաինտեգրացման ձգտումները: Բայց վերջին պահին Երևանը հետ կանգնեց այդ ճանապարհից, ոմանց կարծիքով` Կրեմլի ճնշմամբ, մյուսների կարծիքով՝ երկրի անտանգության հարցն առաջնահերթ համարելով: Հիմա Հայաստանը մաս է կազմում ԵԱՏՄ-ին, որում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ամենևին էլ հիմնարար ու գերակա արժեքներ չեն: Անկախության հռչակումից անցել է 24 տարի, ԵԽ անդամ ենք արդեն 14 տարի, անընդհատ խոսվում է մեր երկրի եվրոպական ընտրության մասին, սակայն բոլոր ճանապարհները, միևնույն է, տանում են Մոսկվա:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 30294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ